Նոր Զելանդիայում 24 օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք են հայտնաբերել: Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, վարակվածների թիվը հասել է 1506-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տվյալներով՝ վարակվածները Նոր Զելանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից, որպեսզի մասնակցեն իրենց մտերիմ մարդու հուղարկավորությանը: Նրանք գտնվել են մեկուսացման մեջ եւ չեն շփվել մտերիմների հետ: Ախտորոշումից հետո տեղափոխվել են հատուկ կարանտինային կենտրոններ, որտեղից կարող էին դուրս գալ միայն ապաքինումից հետո:
Նախարարությունը նաեւ նշել է, որ մայիսի 25-ից երկրում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել:
Ընդհանուր առմամբ մահացել է 22 մարդ: Ապաքինվել է 1482 մարդ:
Համաճարակաբանական վիճակի կայունացումից հետո Նոր Զելանդիայի իշխանությունները չեղարկել են բոլոր սահմանափակումները, վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, թույլատրվել են երկրի ներսում ուղեւորությունները, աշխատում են հասարակական սննդի կետերը, ծառայությունների ոլորտը, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունները: Պետության սահմանները մասնակիորեն բաց են օտարերկրացիների համար:





























