Արդեն մեկ տարի բանտում գտնվող սաուդյան արքայադստեր հարազատները այժմ նրա առողջական վիճակի համար մտավախություն ունեն, որ կկատարվի վատթարագույնը՝ պնդելով, որ ապրիլից չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։
Սաուդյան արքայադուստրը՝ հայտնի իրավապաշտպան Բասմա բինտ Սաուդ բին Աբդուլազիզը, եւ նրա դուստր Սոուդ աշ Շարիֆը, անցյալ տարվա մարտին «առեւանգվել էին» Ջիդդայի իրենց տնից: Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, 13 ամիս անց, գաղտնիք է մնում արտաքին աշխարհի համար:
Այս տարվա ապրիլի 17-ին նա գրել էր թվիթների շարք, որոնցով աղաչում էր իր զարմիկին՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանին, ազատ արձակել իրեն «Ալ Խա» բանտից:
Անցել է մոտ երկու ամիս այն օրից, երբ հարազատները կարողացել են հեռախոսով կապ հաստատել արքայադստեր հետ, հայտնում է NBC News-ը: «Ընտանիքի վստահված անձը» ասել է. «Մենք պատկերացում չունենք՝ մահացած է նա, թե ողջ, մենք բառացիորեն ոչ մի տեղեկություն չունենք»:
«Իմ առողջությունն աստիճանաբար վատանում է, ինչը կարող է հանգեցնել մահվան»,- նամակում նշել է արքայադուստրը, որը ապրիլի ընթացքում մի քանի անգամ տեղադրվել է Twitter-ի նրա էջում: Նամակում նաեւ շեշտվել է, որ բանտի աշխատակիցները բազմիցս հայտարարել են, թե մորն ու դստերը մեղադրանքներ չեն ներկայացվում եւ հետաքննություն չի անցկացվում, սակայն նրանք շարունակում են մնալ անազատության մեջ:




























