Երեւանում Հաղթանակի զբոսայգում ֆաշիստական Գերմանիայի դեմ կրած Մեծ Հաղթանակի 66-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` մայիսի 9-ին դաշտային խոհանոց է կազմակերպվել:

Հայ վետերանների հետ միասին դաշտային խոհանոցի բարիքներից օգտվել են նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրանք միասին ճաշակել են հնդաձավար (գրեչկա), ռուսական սալ ու ըմպելիքներ: Թե Տիգրան Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանը հայտնեցին, որ ամեն բան շատ համեղ է: Նրանք ջերմ մթնոլորտում զրուցում էին վետերանների հետ, մաղթում առողջություն եւ երկար տարիների կյանք:

Տիգրան Սարգսյանն անգամ նշել է, որ ուտելիքներն այնքան համեղ են, որ պետք է հյուրասիրել նաեւ լրագրողներին, անգամ կատակով առաջարկել է խմել, որպեսզի տրամադրությունները բարձրանա եւ լավ հարցեր տան:

Նշենք, որ մայիսի 9-ին Հայաստանում եռատոն է: Նշվում է Շուշիի ազատագրման տոնը, ԼՂՀ պաշտպանության բանակի օրն ու Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը: