Երեւանում այսօր` մայիսիի 10-ին ժամը 00:10-ի սահմաններում Վաղարշյան փողոցի 32/1 հասցեի դիմաց  տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել 24-ամյա Ալբերտ Մխիթարյանի վարած Toyota Rav-4 մակնիշի 10 ՍՕ 680 համարանիշի եւ 47-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի 23 ԼՏ 733 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Toyota-ի ուղեւորներ 36-ամյա Կարեն Սահակյանը, 24-ամյա Ժաննա Գեւորգյանը (վերջինս աշխատում է «Մասթեր Սթայլ» ուսումնական կենտրոնում ուպես կրթական ծրագրերի ղեկավար) եւ «ՎԱԶ-21214»-ի ուղեւոր 23-ամյա Ալբերտ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:

Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Տեղի ունեցած վթարի հետեւանքով, շուրջ 1,5 ժամ Դավիթաշեն կամրջի վրայով երթեւեկությունը կաթվածահար էր եղել: Խցանումները մեծ դժվարությամբ փորձում էին բացել Երեւանի ՃՈ աշխատակիցները:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի