Թուրքիայի իշխանությունների միմոսությունը` մի քանի հայերի առաջադրել խորհրդարանի պատգամավորի թեկնածու, ավարտվեց նույնքան պարզունակ, ինչպես եւ սկսվել էր. բոլոր 6 հայ թեկնածուներն էլ դուրս մնացին ցուցակներից: Ամենահատկանշականն այն է, որ նման նշանակալի եւ վիճելի գործընթացն սկսվել էր քաղաքական գրեթե բոլոր հակառակորդների մոտ` կառավարող «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցություններում: Միակ հայ թեկնածուին հանեցին նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից:
Հայ փորձագետներն ի սկզբանե հոռետեսորեն էին տրամադրված թուրքական խորհրդարանում հայերի հայտնվելու հնարավորության նկատմամբ:
Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի հիմնական քաղաքական ուժերը վերջնարդյունքում ստիպված էին ընդունել հանրության պահպանողական մեծամասնության կարծիքը, որը շատ բացասական էր վերաբերում հայերի մասնակցությանը երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Եւ կուսակցությունները ստիպված էին հայերին հանել ցուցակներից:
NEWS.am-ի զրուցակցի կարծիքով, արդյունքը կանխատեսելի էր: Հարցին, թե ի՞նչ կտար հայ համայնքին հայ պատգամավորը, Մելքոնյանը պատասխանեց. «Դա կախված կլիներ, թե որ կուսակցությունից է ներկայացված: Եթե հայը խորհրդարան անցներ քրդական կուսակցությունից, հնարավոր է կարելի կլիներ հետաքրքիր իրադարձությունների սպասել: Կառավարող ազգայնական կամ ընդդիմադիր քեմալիստական կուսակցությունների դեպքում հայ պատգամավորի ներկայությունը որեւէ կերպ չէր բարելավի հայ համայնքի վիճակը, չոր լուծի նրանց խնդիրները: Այդ պատգաավորները միայն կնպաստեին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը»:
Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատել է, թե հայերին ընդգրկելով նախընտրական ցուցակներում` Թուրքիայի տարբեր կուսակցություններ միեւնույն նպատակն էին հետապնդում. ցույց տալ երկրում քրիստոնյաների, եւ առաջին հեթին` հայերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը : Բայց եթե իրատեսորեն գնահատենք, հայերի մուտքը խորրդարան որեւէ բան չէր տա հայ համայնքին: «Առաջին, անհնար է որեւէ բան փոխել մի քանի մարդկանց ջանքերով, երկրորդ, հայերը պետք է անցնեին կուսակցական ցուցակներով, եւ պետք է անեին քայլեր` միտված քաղաքական ուժերի քաղաքականության իրականացմանը: Այսինքն, հայ պատգամավորներն անգամ ցանկության դեպքում չէին կարող որեւէ հարցում օգնել հայ համայնքին»:




























