Եթե առաջիկա ընտրություններին թուրքական կուսակցությունները հայ թեկնածուների առաջադրեին, այդ քայլը ԵՄ ճանապարհին ի օգուտ նրանց կլիներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ մեկնաբանելով այն իրավիճակը, որ հակառակ նախօրոք խոստացածի՝ թուրքական կուսակցությունները հայ թեկնածուների չեն առաջադրել։
«Հնարավոր է, որ թուրքական կուսակցությունների այդ որոշումը պայմանավորված էր երկրում նախընտրական շրջանում ստեղծված իրավիճակի հետ, եւ կուսակցությունները, ելնելով իրենց իսկ շահերից, խուսափում են հայ թեկնածուների առաջադրումից, մտածելով, որ հայ թեկնածուների առկայությունն ընտրությունների ժամանակ կարող է բացասաբար անդրադառնալ իրենց վրա»,- նկատեց Ռաչինսկին։
Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ Թուրքիան այժմ իր ապագայի որոնումների մեջ է՝ ինչպիսի՞ն լինել՝ Օտոմանյան Թուրքիա, եվրոպամետ Թուրքիա, թե իսլամական Թուրքիա:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի կառավարող եւ ընդդիմադիր կուսակցություններն ավելի վաղ մտադրություն էին հայտնել 2011 թվական հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ազգությամբ հայ 7 թեկնածուներ առաջադրել խորհրդարանական ընտրություններին:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ թուրքական ոչ մի կուսակցություն իր ցուցակում հայ թեկնածուների չի ներառել։



























