Ադրբեջանը փնտրում է միջազգային ֆորումներ, որպեսզի հայտնի իր դիրքորոշումը, ինչը պետք է անի նաեւ Հայաստանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդասլավ Ռաչինսկին, մեկնաբանելով ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնումը:
«Ես չեմ հավատում ԼՂ հարցի կարգավորման գործող ձեւաչափի փոփոխմանը: Քանի որ արդեն ձեւավորվել է մեխանիզմ, եւ իրավիճակն այնպիսին է, որ կողմերն արդեն աշխատում են համաձայնագրի տեքստի ուղղությամբ»,-հայտնեց դիվանագետը:
Դեսպանի խոսքով` երկրներից յուրաքանչյուրը ներկայցնում է իր փաստարկներն ու առաջ է քաշում իր շահերը, եւ դա վատ չէ: «Սակայն խնդիրն այն է, թե որքանով ենթահանձնաժողովի աշխատանքները կօգնեն ԼՂ հարցի կարգավորմանը: Այնուամենայնիվ, լավ է խոսել տասնյակ ամբիոններից, քան կռիվ տալ»,-նշեց դեսպանը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԵԽԽՎ Բյուրոն հաստատել է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքերը վերսկսելու որոշումը: Հայկական պատվիրակությունը չի մասնակցել համապատասխան քվեարկությանը: ԵԽԽՎ-ն 2005 թվականին ընդունել է №1416 բանաձեւը, որի հիման վրա ստեղծվել է ԼՂ հարցով ենթահանձնաժողով: Ենթահանձնաժողովի աշխատանքներն այն ժամանակ ղեկավարում էր լորդ Ռասսել Ջոնսթոնը, սակայն որոշ ժամանակ անց խոստովանեց, որ այդ կառույցի գործունեությունն անարդյունավետ է:




























