Բերանի մեջ ցանը կարող է լինել COVID-19 հիվանդության վաղ նշաններից մեկը, JAMA Dermatol բժշկական ամսագրում հրապարակված հոդվածում հայտնում է Իսպանիայից գիտնականների խումբը:

Մադրիդի Ռամոն ի Կախալ համալսարանական հիվանդանոցի բժիշկներն ուսումնասիրել են ցանով 21 պացիենտի հիվանդության ընթացքը՝ պարզելով, որ նրանցից 6-ի մոտ (29 տոկոս) էնանտեմա է եղել՝ մարդու լորձաթաղանթի տեղային ախտահարում: Էնանտեմաները հաճախ առաջանում են ավելի վաղ, քան մաշկածածկույթի ախտահարումները:

Հետազոտված պացիենտների տարիքը կազմել է 40-ից մինչեւ 69, նրանց 66 տոկոսը կին է եղել:

Լորձաթաղանթների վրա ցանի առաջացման եւ COVID-19-ի ախտանիշների ի հայտ գալու միջեւ անցել է միջինը 2,3 օր:

Հետազոտության հեղինակները հատուկ նշում են, որ չափազանց վաղ է լորձաթաղանթների վրա ցանի առաջացման եւ COVID-19 հիվանդության միջեւ ուղղակի կապի մասին եզրահանգումներ կատարել, քանի որ հետազոտվել են փոքր թվով պացիենտներ եւ չի եղել հսկիչ խումբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: