Եվրոպական կառույցները որոշել են, վերջապես, ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման աղաղակող փաստերին: Բաքվում բողոքի գործողություն անցկացնելու բոլոր փորձերի ճնշման ֆոնին, Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձեւ, որը դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին` տարրական ժողովրդավարական նորմերի ոտնահարման համար: Փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված եվրոպացիների դեմարշը, եւ ի՞նչ է լինելու դրա շարունակությունը:  

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ տեղի ունեցողը ուղղակիորեն կապված է Հյուսիսային Աֆրիկայի վերջին իրադարձությունների հետ: Դրանք ցույց տվեցին, որ ավտորիտար ռեժիմներն ի զորու չեն ապահովել կայունություն: Քաղաքագետի դիտարկմամբ` անցած շաբաթ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում հստակ երեւում է, որ Արեւմուտքը սկզբունքորեն է վերեբերում Եվրամիության բոլոր հարեւան երկրներին, այդ թվում Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրներին:

«Այժմ Եվրամիությունը կվարի հստակ քաղաքականություն, առանց երկակի ստանդարտների եւ սիրախաղի: Եվրամիությունը հասկանում է, որ եթե լինեն մարդու իրավունքների լուրջ խախտումներ, լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների ահաբեկում, ապա պետք է ճնշում գործադրել: Եվ դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում Ադրբեջանին: Սա մարդու իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ Եվրամիության եւ Եվրախորհրդարանի նոր, ավելի հստակ մոտեցումն է», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:

Տարրական ազատությունները ցուցադրաբար սահմանափակելու պաշտոնական Բաքվի նոր գործողությունների դեպքում քաղաքագետը չի բացառում նաեւ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառումը:

«Անկասկած, պատժամիջոցներ կլինեն: Ես չեմ ասում, որ դա տեղի կունենա վաղը, սակայն, եթե Ադրբեջանը մարդու իրավունքների խախտումների հարցում իր կոշտ դիրքորոշումը չփոխի, ապա պատժամիջոցների կիրառումը չի ուշանա: Դա վերաբերում է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին, որոնց հետ Եվրամիությունը վարում է ասոցիացված անդամակցության բանակցություններ»:

Ռուսաստանցի քաղաքագետ, Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերի անհերքելիությունը, հնարավոր համարեց, որ Եվրախորհդարանի բանաձեւից հետո Ադրբեջանում որոշակիորեն ավելի մեղմ կվերաբերվեն լրագրողներին, սակայն Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ միջոցների չի դիմի:  

«Ադրբեջանում նավթի առկայությունն իր դերը խաղում է. հետագա գործողությունները նաեւ կախված են այդ գործոնից: Արեւմուտքին Ադրբեջանից առաջին հերթին նավթ է պետք, իսկ տվյալ իրավիճակում պատժամիջոցների կիրառումը չի համընկնում այդ երկրում Արեւմուտքի շահերի հետ: Հետեւաբար, Արեւմուտքն Ադրբեջանի նկատմամբ կիրառում է երկակի ստանդարտներ` ելնելով սեփական շահերից, թեեւ իշխանություններին մատնացույց է անում մարդու իրավունքների խախտումները», - նշեց Անատոլի Ցիգանոկը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը դատապարտում է Ադրբեջանին` մարդու իրավունքների ոտնահարումների համար: Փաստաթղթում բերվել է նաեւ կոնկրետ օրինակ.

«Facebook-ում հակակառավարական բողոքի գործողությունների կոչեր տարածելուց հետո, երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանի եւ Բախտիյար Գաջիեւի դեմ առաջադրվել էին թմրանյութ պահելու եւ զինծառայությունից խուսափելու մեղադրանքներ, որոնք նախատեսում են մինչեւ 2,5 տարվա ազատազրկում»:

Եվրախորհրդարանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բանտում գտնվող «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլ Ֆաթուլաեւին, որին արդարացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

«Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել ապօրինի մեղադրանքներից եւ երկրում երաշխավորել լրագրողների պաշտպանվածությունը», - ասվում է փաստաթղթում:

Նշենք, որ Եվրախորհրդարանի բանաձեւի մասին ադրբեջանական հեռուստատեսությունն ու ռադիոն լռել են: Իշխանության ամբողջական վերահսկողության տակ գտնվող կենտրոնական լրատվամիջոցները լռում են նաեւ մարդու իրավունքների բացահայտ խախտումների մասին: Պաշտոնական Բաքվի ավտորիտար դրսեւորումները, սովորաբար, նույն լռությանն են արժանանում նաեւ եվրոպական կառույցներում, եւ այդ համատեքստում Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւն առանձնանում է միարժեք եւ առարկայական դատապարտմամբ: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ մարդու իրավունքների հետ կապված արմատական փոփոխություններ Ադրբեջանում չեն կարող լինել, քանի որ այսօրվա իրավիճակն արտացոլում է իշխող ռեժիմի էությունը: