VH Music պրոդյուսերական կենտրոնը սկսել է վերադարձնել Սառա Քոնորի մասնակցությամբ չկայացած համերգի տոմսերի գումարները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նշված կենտրոնի տնօրեն Վահե Հարությունյանը: Նրա խոսքով` արդեն վերադարձրել են մոտ 800.000 դրամ գումար եւ դեռ մոտ 1300-1400 տոմսերի գումար մտադիր են վերադարձնել փուլ առ փուլ`մինչեւ սեպտեմբեր: Վահե Հարությունյանի խոսքով` նախեւառաջ վերադարձնում են իրենց կազմակերպություն դիմած, իրենց գրասենյակից տոմսեր գնած քաղաքացիների գումարները: Նրա խոսքով`հնարավոր է մի շարք կազմակերպություններ, որոնք գնել են տոմսերը, գումարները չվերադարձվի, այլ դրանք փոխհատուցվի նոր համերգի տոմսերով:

Ավելի վաղ Վահե Հարությունյանը NEWS.am-ին հայտնել էր, որ մայիսի 1-ից նոր ընկերություն է հիմնելու, որը պետք է զբաղվի համերգների կազմակերպմամբ, եւ այդ ճանապարհով ստացած գումարների միջոցով կփոխհատուցի չկայացած համերգի գումարները: Այսօր մեզ հետ զրույցում նա չցանկացավ նոր ընկերության մասին բոլոր մանրամասները բացահայտել` նշելով միայն, որ հունիսին այդ ընկերությունը կազմակերպել է էստրադային համերգ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնը հայտարարել էր, թե պարտքերը կմարի մինչեւ ապրիլի 10-ը, ինչը, սակայն տեղի չի ունեցել: Վահե Հարությունյանը պարզաբանել էր, որ դրա պատճառն այն է, որ կենտրոնը ֆինանսապես ի վիճակի չի եղել փոխհատուցել գումարները, քանի որ տոմսերի հասույթից ստացված ամբողջ գումարը փոխանցել է չկայացած համերգի երգիչներին:

Վահե Հարությունյանը հանգիստ է վերաբերում այն հանգամանքին, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում իր դեմ նյութեր են նախապատրաստվել, որոնք արդեն ուղարկվել են Կենտրոնի քննչական բաժին: «Ոստիկանությունը պետք  է ապացուցի, թե մեր կողմից խարդախություն կա՞, թե՞ ոչ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իրավաբանորեն ոչ մի խարդախություն թույլ չենք տվել: Ինչ գումարներ որ ստացել ենք տոմսերի վաճառքից, փոխանցել ենք համապատասխան տեղեր»,-նշեց Հարությունյանը: Ի դեպ, այսօր Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեռ քրեական գործ չի հարուցվել եւ նյութեր են նախապատրաստվում: