Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին, հաղորդում է Sky News-ը:
«Եկեք անկեղծ խոսենք, թե ինչ է այսօր կատարվում Եվրոպայում: Ինձ վախեցնում է այն, որ երկրորդ ալիքը կսկսվի: Մենք պետք է արագ եւ վճռական որոշումներ կայացնենք, ռիսկերը կրկին սկսում են աճել»,-ասել է նա:
Ավելի վաղ Բելգիայի կառավարությունը զգուշացրել է, որ երկրում կարող է խիստ կարանտին մտցվել՝ կապված կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ:
«Եթե մենք չկարողանանք նվազեցնել վիրուսի տարածման մակարդակը, ապա դա կոլեկտիվ ձախողում կլինի»,-ասել է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը:
Կատալոնիան եւս կարող է սահմանափակումներ մտցնել: Այստեղ վարակի տարածում է հայտնաբերվել ակումբներում եւ բարերում հանգստացողների շրջանում, ինչպես նաեւ սեզոնային աշխատողների շրջանում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում Կատալոնիայում գրանցվել է վարակման գրեթե 8 հազար դեպք, Իսպանիայում՝ 16 հազար դեպք:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը կոչ է արել զգոն լինել երիտասարդների շրջանում վարակման դեպքերի տանանումից հետո:
ԱՀԿ եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստվեն երկրորդ ալիքին՝ ամրապնդելով իրենց առողջապահական համակարգն ու մեծացնելով բուժհաստատությունների պոտենցիալը:




























