«Ես համաձայն եմ, որ շատերի համար Խորհրդային Միության փլուզումը ողբերգություն էր, քանի որ նրանք կորցրեցին կյանքի սովորական ընթացքը, թվացյալ բարեկեցությունը, ստիպված էին կտրուկ փոխել կենսակերպը»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին, «ՌԻԱ Նովոստի»-ին եւ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համատեղ նախագծի շրջանակներում տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ահռելի ջանքեր են պահանջվել քաղաքացիների անվտանգության ապահովման համար. «ԽՍՀՄ փլուզմամբ հակամարտություններն ու խնդիրները, որոնք արդեն կային, վերածվեցին ռազմական գործողությունների, պարզ ասած, պատերազմի: Մյուս կողմից, շատ ժողովուրդներ երազում էին անկախության մասին: Անկախություն ստանալով` մարդիկ կարողացան իրականացնել երազանքը, որ սերունդները բերել էին դարերի խորքից»:
Հայաստանի նախագահը նշել է, որ անկախ Հայաստանն ընդամենը 20 տարեկան է, Հայաստանի ողջ պատմության իմաստով, ընամենը կաթիլ ծովում. «Հայաստանն իր անկախությունը կորցրել է բազում դարեր առաջ, իսկ առաջին հանրապետության երկուսուկես տարվա անկախությունն ակնթարթ է պատմության մեջ: Խորհրդային Հայաստանը, իհարկե, կարեւոր փուլ էր հայ ժողովրդի պատմության մեջ, ձեւավորման եւ ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողության պարբերականացման փուլ: Հենց դա էլ մեզ թույլ տվեց դիմագրավել»:
Ըստ Սարգսյանի, հայերը, ինչպես եւ բոլորը, իրենց կաշվի վրա են զգացել Խորհրդային Միությունում առկա խնդիրները: «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ավելի շատ էին դրական իրադարձությունները, քան բացասական: Եղել է զարգացում, եւ, օրինակ, 1988թ. Խորհրդային Հայաստանի վիճակը չի կարելի համեմատել մինչխորհդային շրջանի հետ: Ես կարծում եմ` Հայաստանն իսկապես զարգացել է բուռն տեմպերով»,- ընդգծել է նախագահը:
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը դարձավ հարթակներից մեկը, որտեղից սկսվեց ԽՍՀՄ փլուզումը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Առաջին. թեեւ Հայաստանը բուռն զարգացել է, մենք ազգային խնդիր ունեինք: Մենք ապրում էինք մեծ երկրում, եւ արտաքին քաղաքականության մեջ այն ոչ միշտ էր հաշվի առնում մեր շահերը: Օրինակ, ԽՍՀՄ եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններում: Հայերը ցրվեցին ողջ աշխարհով մեկ հիմնականում ցեղասպանության պատճառով: Արեւմտյան երկրներում հայերը ազատ խոսում էին այդ մասին, իսկ Հայաստանում ոչ: Հայաստանում շատ վատ էր ընկալվում այդ փաստը: Երկրորդ պատճառն այն է, որ Խորհրդային իշխանությունը Հայաստանից անջատեց Լեռնային Ղարաբաղն ու հանձնեց Ադրբեջանին: Երբեք, եւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում մենք դրա հետ չենք համակերպվել: Ղարաբաղում մշտապես բողոքել են դրա դեմ: Գորբաչովի ժամանակ, բողոքն ավելի առարկայակական դարձավ: Երբ մարդիկ տեսան, որ արդար որոշման չեն հասնի, բուռն բողոքեցին»,- ամփոփել է նախագահը:




























