Ամեն անգամ, երբ Հայաստանում բենզինը թանկանում է, իսկական աժիոտաժ է սկսվում դրա պատճառների բացահայտման նպատակով: Բոլոր այդ փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ բենզին ներկրողները մինչ այսօր չեն կարողացել որեւէ լուրջ հիմնավորում ներկայացնել, թե ինչու են գինը փոփոխում; «Ֆլեշի» կամ «Սիթի պետրոլ գրուպի» համար PR-ը նույն նշանակությունն ունի, ինչ գորիլայի համար համակարգիչը:
Այդ պատճառով նրանց փոխարեն ստիպված ենք վերլուծություն իրականացնել, թե անցյալ շաբաթ բենզինի գներն ինչու աճեցին: Հայաստանում սովորաբար բենզինի գինն ուղղակի կապում են նավթի գների հետ: Այդ պատճառով տնտեսագետների մի մասը տարակուսեց` ինչո՞ւ բենզինը թանկացավ այն ժամանակ, երբ միջազգային շուկայում նավթն էժանանում էր:
Իրականում այս մոտեցումը միշտ չէ, որ արդարացված է; Թեեւ բենզինի ինքնարժեքում նավթը կազմում է մոտ 70 տոկոս, այնուամենայնիվ` բենզինի գինը կարող է նաեւ սեփական վարքագիծ դրսեւորել, անկախ նավթի գնի փոփոխությունից; Օրինակ` զարգացած երկրներում մայիսի կեսերից թափ է հավաքում այսպես կոչված ավտոմոբիլային տուրիզմը, ինչի հետեւանքով աճում է պահանջարկը բենզինի նկատմամբ` հանգեցնելով գնի աճի: Այդ միտումները ԱՄՆ-ից ու ԱրեւմտյանԵվրոպայից տեղափոխվել են նաեւ Արեւելյան Եվրոպա, որտեղից էլ Հայաստանը բենզին է ներկրում: Բուլղարական մամուլի տեղեկացմամբ` այդ երկրում մայիսից նկատվում է բենզինի թանկացում, որը կարող է շարունակվել նաեւ ամռանը: Իսկ չէ՞ որ Բուլղարիան եւ Ռումինիան Հայաստանի բենզինի հիմնական մատակարարներից են:
Ի դեպ` բենզինի գնի թանկացում անցյալ շաբաթվա ընթացքում առկա էր տարածաշրջանի երկրների մեծ մասում, մասնավորապես` Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Միայն Թուրքիայում է, որ բենզինի գները պահպանում են իրենց էլաստիկությունը նավթի միջազգային գների հանդեպ, սակայն թուրք տնտեսագետները նույնպես չեն բացառում բենզինի սեզոնային թանկացում: Նկատենք, որ ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) ապրիլ ամսվա դիտարկումներով` աշխարհում ամենաթանկ բենզինը վաճառվում է հենց Թուրքիայում 2.5-2.6 դոլար 1 լիտրի դիմաց (մոտ 950-980 դրամի սահմաններում):
Ընդհանրապես` տարածաշրջանում հայաստանյան բենզինը ամենաէժաններից մեկն է: Համեմատության համար` Բուլղարիայում բենզինը մոտ 1.8 դոլար է (690 դրամի սահմաններում): Գնային այս տարբերությունները հիմնականում ի հայտ են գալիս բենզինի նկատմամ խիստ տարբեր հարկային ռեժիմներ կիրառելուց:
Բենզինի տարածաշրջանային գնի վրա ազդող մյուս գործոնը Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման արգելքն էր; Այն երկրները, որոնք բենզին էին ներմուծում Ռուսաստանից` Ուկրաինա, Բելառուս, Աբխազիա, ստիպված են նոր մատակարարներ փնտրել տարածաշրջանի մյուս երկրներում: Առաջին հերթին դա Թուրքիան է, Բուլղարիան, Ռումինիան, Ադրբեջանը; Իսկ սա տարածաշրջանային մակարդակով առաջացնում է բենզինի գնի աճ:
Այսպիսով` եթե նավթի միջազգային գները առաջիկայում զգալի անկում չունենան, ինչի նշաններն իրականում առկա են, չի բացառվում բենզինի թանկացում ամառային սեզոնի ընթացքում:
Սամվել Ավագյան



























