Վրացի գեներալ Ռոման Դումբաձեն մտադիր է վերադառնալ հայրենիք եւ մասնակցել հեղափոխական գործընթացներին: Դումբաձեն 2004-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայրենիքի դավաճանության համար եւ ազատ էր արձակվել 2008թ. օգոստոսին:

«Ասավալի-դասավալի»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, թե օրերս հետ է գալու Թբիլիսի եւ կանգնելու է ապստամբած ժողովրդի կողքին:

«Եթե Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմը մեր դեմ մահակներ օգտագործի, մենք կպատասխանենք նույնկերպ, եթե քարեր նետեն, կպատասխանենք քարերով, զենքի դեմ` զենքով»,- ասել է Ռոման Դումբաձեն:

Սահակաշվիլիի հրաժարականի հարցն արդեն քաղաքական չէ, դա ազգի լինել-չլինելու հարցն է»,- նշել է նա:

Նշենք, որ 2004թ.Բաթումիի բրիգադի հրամանատար Դումբաձեն հրաժարվել էր ենթարկվել նախագահին` հավատարմության երդում տալով Ալսան Աբաշիձեին: Նա ձերբակալվել եւ դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 2008թ. իրադարձությունների ժամանակ Վրաստանը գեներալին փոխանակել էր իր մի քանի ռազմագերիների հետ, եւ Դումբաձեն մեկնել էր Ռուսաստան: