Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախկին երկու նախագահները պետք է ցուցմունքներ տան կոռուպցիայի գործով՝ այն բանից հետո, երբ նավթային Petroleos Mexicanos (Pemex) պետական ընկերության նախկին ղեկավարը նախկին պաշտոնյաներին կաշառակերության մեջ է մեղադրել, հայտնում է Reuters-ը:
Pemex-ի նախկին գլխավոր տնօրեն Էմիլիո Լոզոյան բողոք է ներկայացրել, որում ասվում է, որ նախկին նախագահ Էնրիկե Պենա Նյետոն եւ նրա ֆինանսների նախարար Լուիս Վիդեգարայը հանձնարարել են իրեն կաշառք տալ Պենա Նյետոյի 2012-ի նախընտրական քարոզարշավի համար եւ քվեներ գնել Կոնգրեսում:
Լոպես Օբրադորը կոչ է արել Լոզոյային, որը Pemex-ը ղեկավարել է 2012-2016 թվականներին, ապացույցներ ներկայացնել իր մեղադրանքները հաստատելու համար, եւ ասել է, որ Նյետոյի նախորդ Ֆելիպե Կալդերոնը նույնպես պետք է ցուցմունք տա:
«Նախկին նախագահ Կալդերոնը, նախկին նախագահ Պենան (Նյետո), հիշատակված պատգամավորները, սենատորները, բոլոր անձինք պետք է ցուցմունքներ տան»,- ասել է Լոպես Օբրադորը: «Նրանք բոլորը պետք է ցուցմունքներ տան... Եթե նրանք մեղավոր են, դա արդեն այլ պատմություն է»,- ասել է Լոպես Օբրադորը:





























