Եվրոնեսթը պետք է օգնի երկխոսություն հաստատել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ: Այդ մասին APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` Հարավային Կովկաս կատարած այցի նախօրեին:

«Մենք ցանկանում ենք մերձեցնել խորհրդարանաններին եւ երկխոսություն սկսել: Մենք շահագրգռված ենք «Արեւելյան գործընկերների» բոլոր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմամբ»,- ասել է Բուզեկը:

Նա նաեւ հայտարարել է, թե Եվրախորհրդարանը չի ճանաչում Ղարաբաղը որպես անկախ միավոր: «Չի կարելի մոռանալ մարդկանց հիմնական պահանջմունքների մասին, որտեղ էլ նրանք լինեն: Մարդկանց միջեւ կապերի, առեւտրի մեղմացման աջակցումը միշտ եղել է Եվրոպական խորհրդարանի քաղաքականությունը: Բոլոր կողմերը պետք է ձգտեն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որ ուղի հարթենք դեպի ամուր խաղաղություն»,- նշել է Բուզեկը: