Ողջունում ենք գործադուլը, համերաշխ ենք ժողովրդի պահանջներին, ասվում է Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի ուղերձում, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը։

Քաղաքական գործչի թիմը նշում է, որ բելառուսցի պաշտոնյաների եւ պետական լրագրողների շրջանում կան բարեկիրթ մարդիկ, որոնք պատրաստ են ազնիվ խոսել այն մասին, թե ինչ է կատարվում երկրում։

«Շնորհակալություն պետական մեդիայի բոլոր լրագրողներին, որոնք դուրս են եկել եւ չեն վախեցել ասել ճշմարտությունը։ Շնորհակալություն Բելտելեռադիո ընկերությանը, որոնք պատրաստ են միանալ գործադուլին»,-ասել է Տիխանովսկայայի շտաբը։

Ընդ որում՝ նրանք կոչ են արել չվախենալ եւ հայտարարել են, որ սատարում են բելառուսական հեռուստատեսության յուրաքանչյուր աշխատակցին, որը որոշել է միանալ գործադուլին։

«Մենք պատրաստ ենք խոսել իշխանությունների հետ այն մասին, թե ինչպես եւ երբ Լուկաշենկոն հրաժարական կտա»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընդ որում՝ շտաբում դիմել են բոլոր աշխատանքային կոլեկտիվներին՝ կոչ անելով միանալ անժամկետ գործադուլին՝ պահանջելով․

• անհապաղ եւ առանց նախապայմանների ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ բերման ենթարկվածներին;

• քաղաքներից դուրս բերել զորքերն ու հատուկջոկատայիններին;

• պատասխանատվության ենթարկել ուժայիններին եւ մարդկանց, որոնք հրաման են տվել ծեծել, կրակել եւ խոշտանգել խաղաղ քաղաքացիներին;

• սկսել բանակցություններ իշխանությունն անցնցում փոխանցելու շուրջ։

Այսօր Մինսկի կենտրոնում անցկացվում է զանգվածային հանրահավաք՝ ի աջակցություն գործող իշխանության, որի հետ միաժամանակ ընթանում են բողոքի ակցիաներ։