Բելառուսի իշխանություններն ազատել են բոլոր բերման ենթարկված եւ ձերբակալված ցուցարարներին։ «Մեկուսարաններում շարունակում են մնալ այն ցուցարարները, որոնց նկատմամբ դատարանը վարչական կալանքի որոշում է կայացրել», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան՝ Բելառուսի ՆԳՆ-ից հայտնել են, որ դեռեւս պատրաստ չեն մեկնաբանել ցույցերի բերման ենթարկված մասնակիցներին ազատ արձակելու գործընթացի շուրջ իրավիճակը։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը։ Ընտտիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ,  1 ցուցարար է մահացել:  

ՆԳՆ-ի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել մի քանի հազար ցուցարարներ, տուժել են տասնյակ ոստիկաններ եւ ցուցարարներ։ Հայտնի է, որ ավելի քան երկու հազար մասնակից ազատ է արձակվել, եւ այդ գործընթացը շարունակվում է։