Օգոստոսի 17-ին Բելառուսի ԱԳՆ մուտքի աստիճաններին միայնակ նստացույց է սկսել գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատակից Վյաչեսլավ Կազաչյոնոկը։ Տղամարդը դիվանագետ չէ, պետծառայող չէ, նա ԱԳՆ պատմա-արխիվային բաժանմունքի պետն է։ Նրան է միացել Եվրասիական ինտեգրման վարչության պետի տեղակալ Ելենա Կոպանեւան։ Նստացույցն ընթացել է ոչ թե  գերատեսչության գլխավոր շենքի մոտ, որտեղ գտնվում է նաեւ նախարարի աշխատասենյակը, այլ ԱԳՆ-ից աջ նոր շենքի մոտ, հայտնում է Tut.by-ը։

Վյաչեսլավ Կազաչյոնոկն ասում է, որ որոշել է այս կերպ «արտահայտել իր սկզբունքային դիրքորոշումը»։ Նա նշում է, որ իրեն ոչ մեկը չի վճարել, չի սպառնացել, չի հարկադրել։

«Անմիջապես ասեմ՝ ես սարսափում եմ։ Մեր ապագայի, մարդկանց կյանքերի, իմ կյանքի համար․․․ XXI դարի Բելառուսը։ Սարսափելի երազ է, որից ուզում ես արթնանալ․․․ «Հերոս քաղաք Մինսկ» կոթողի եւ Հայրենական մեծ պատերազմի թանգարանի մոտ մեր բելառուս եղբայրները, կարգի եւ օրինականության պահապանները, բարբարոսաբար խփում եւ գնդակահարում են մարդկանց, իսկ իր կյանքը մեր ազատության եւ լավ ապագայի համար տված ճակատայինի, Խորհրդային Միության հերոս Բորիս Օկրեստինի անունը կրող փողոցում գտնվող զնդաններում, տանջում ու խոշտանգում են։ Եվ սա պատերազմի տարիների գեստապոն ու ԷսԴե-ն չի, պոլիցայները չեն․․․Ես մեծահասակ առողջ տղամարդ եմ եւ ամեն երեկո հեկեկում էի խոշտանգումները վերապրած մարդկանց պատմածներից»,- ասում է Վյաչեսլավը։

Վյաչեսլավի խոսքով՝ այսօր նստացույցից առաջ, որի մասին ինքը նախազգուշացրել էր իր գործընկերներին, ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը բոլոր աշխատակիցներին հրավիրել է զրուցելու։ Մակեյը հիշեցրել է, որ ԱԳՆ աշխատակիցները պետությանը երդվել են, եւ աշխատակցի խոսքով՝ ակնարկել է, որ եթե որեւէ մեկը համաձայն չէ պետության քաղաքականության հետ, պետք է դիմում գրի։