Սաուդյան Արաբիայի շահերից է բխում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես դրան համաձայնեց Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի փեսա եւ Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները:

«Դա նաեւ կթուլացնի նրանց ընդհանուր թշնամու՝ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում եւ, ի վերջո, կօգնի պաղեստինցիներին»,- ասել է Քուշները լրագրողներին: «Դա շատ լավ կլիներ սաուդյան բիզնեսի, Սաուդյան Արաբիայի պաշտպանության համար եւ, անկեղծ ասած, կարծում եմ, որ դա կօգնի նաեւ պաղեստինցի ժողովրդին»,-ասել է նա, հայտնում է AFP-ը:

Սաուդյան Արաբիան որեւէ կերպ չի արձագանքել ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին:

Իսրայելը համաձայնել է դադարեցնել գրավված Արեւմտյան ափի տարածքների բռնակցումը, չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում այդ ծրագիրը չի բացառվում:

Քուշների խոսքերով՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը եւ նրա որդին՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը, բազմիցս հայտնել են տնտեսական հնարավորություններով անկախ Պաղեստինյան պետություն ստեղծելու իրենց ցանկությունը: «Նրանք ուզում են, որ պաղեստինցի ժողովուրդը ունենա պետական եւ տնտեսական հնարավորություններ»,- ասել է Քուշները, ով հեղինակել է Մերձավոր Արեւելքի խաղաղության Թրամփի ծրագիրը, որը մերժվել է պաղեստինցիների կողմից:

«Անվտանգության եւ տնտեսական տեսանկյունից՝այս երկրներից շատերի շահերից է բխում Իսրայելի հետ հարաբերություններ ունենալը»,- ասել է Քուշները: «Պարսից ծոցի շատ երկրներ ցանկանում են առաջխաղացում: Որքան շատ երկրներ հարաբերությունները կարգավորեն, այնքան ավելի դժվար կլինի Իրանի համար բաժանելը եւ տիրելը»:

Նա ասել է, որ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համաձայնագրի թիվ մեկ թշնամին Իրանը կլինի: «Սա վկայում է այն մասին, որ դա, հավանաբար, ճիշտ արարք է»: