Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Bloomberg գործակալության աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում բարձրացել է 4-րդ հորիզոնական այն բանից հետո, երբ երկուշաբթի սակարկությունների ժամանակ Tesla-ի բաժնետոմսերը թարմացրել են արժեքի ռեկորդը։

Bloomberg-ի գնահատմամբ՝ Մասկի կարողությունը հասել է 84,8 մլրդ դոլարի։ Այսպիսով՝ նա 5-րդ տեղ է մղել Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյին (84,6 մլրդ դոլար)։

Առաջատարների եռյակն անփոփոխ է մնացել․ աշխարհի ամենահարուստ մարդն է շարունակում մնալ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (188 մլրդ դոլար), երկրորդ հորիզոնականում է Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը (121 մլրդ դոլար), երրորդ՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (99 մլրդ դոլար)։

Bloomberg-ը նշում է, որ երկուշաբթի Tesla-ի բաժնետոմսերը աճել են 11 տոկոսով՝ հասնելով մինչեւ 1835,64 դոլարի։ Ընկերության բաժնետոմսերը մեկ տարում աճել են 339 տոկոսով, իսկ Մասկի կարողությունը՝ 57,2 մլրդ դոլարով։

Bloomberg-ի վարկածով ամենահարուստ մարդկանց վարկանիշում Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարին երրորդ տեղից բաժանում է 15 մլրդ դոլարը, փոխանցում է «Ինտերֆաքսը»-ը։