Բելառուսի նախագահական ընտրություններում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան, մեկնաբանելով իշխանափոխությունից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քրեական հետապնդման հնարավորությունը, հայտարարել է, որ դրանից ոչ մի մարդ ապահովագրված չէ, եթե հանցագործություն է կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե մարդը հանցագործություն է կատարել, եւ նրա մեղքն ապացուցված է, նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Այս չափանիշը տարածվում է բոլորի վրա՝ անկախ այն հանգամանքից նախագահ է եղել, թե սովորական մարդ։ Ուստի եթե ցանկացած մարդու մեղքն ապացուցված է, եւ նա հանցագործություն է կատարել, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է նա «Էխո Մոսկվիի» եթերում։
«Ոչ մի մարդ ապահովագրված չէ (քրեական հետապնդումից – խմբ․), եթե հանցագործություն է կատարել»,- շեշտել է նա։
Բելառուսի օրենքով՝ երկրի նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։
Բելառուսի ամբողջ տարածքում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում հաղթել է Լուկաշենկոն․ ԿԸՀ տվյալներով՝ նա ստացել է քվեների 80,1 տոկոսը։ Այս ակցիաներն առաջին օրերին ճնշվել են ուժայինների կողմից, կիրառել են արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետնե փամփուշտներ։ Այնուհետեւ իրավապահ մարմինները դադարել են ցրել ցուցարարներին եւ ուժային մեթոդներ կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ձերբակալվել է ավելի քան 6,7 հազար մարդ։ Երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, որոնցից իրավապահ մարմինների 120-ից ավելի աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է։ Ընդդիմության կարծիքով՝ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, այլ ոչ թե գործող նախագահ Լուկաշենկոն։





























