Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱԽ անդամների հետ խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել՝ կապված երկրի արեւմտյան սահմաններում տեղի ունեցող իրավիճակի հետ, հաղորդում է «Բելթա»-ն:
«Ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ երկրի սահմաններից դուրս: Կարծում եմ՝ երեկ դուք համոզվեցիք, որ հստակ եւ ճիշտ արձագանք տրվեց իրավիճակին: Արեւմտյան որոշ պետությունների ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, նրանք նույնիսկ չգիտեն՝ որտեղ է Բելառուսը, ինչ է այստեղ կատարվում: Սակայն այդուհանդերձ անում են այդ հայտարարությունները: Փառք Աստծո, որ մենք արձագանքեցինք դրան, եւ մեր բանակի ստորաբաժանումները տեղակայվեցին մեր սահմաններին»,-ասել է Լուկաշենկոն:
«Շատ ափսոս, որ առանձին ստորաբաժանումներ ստիպված էինք տեղակայել մեր երկրի ներսում կարգուկանոն հաստատելու համար: Այսօր մենք խնդիրներ ունենք նաեւ դրսում: Եվ դրանք կոորդինացված գործողություններ են: Իրադարձությունները կշարունակվեն համապատասխան կերպով, եւ մենք գիտենք՝ որ ուղղությամբ»,-հավելել է նա:





























