Ապստամբ զինվորները ձերբակալել են Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտաին եւ կառավարության ղեկավար Բուբու Սիսեին: Այս փաստը պաշտոնապես հաստատել է Մալիի կառավարության հասարակայնության հետ կապերի տնօրեն Բուբու Դուկուրեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկու առաջնորդներն էլ «ապստամբ զինծառայողների կողմից զրահատեխնիկայով տեղափոխվել են Կատիի բազա»՝ երկրի մայրաքաղաք Բամակոյից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, հայտնում է France-Presse-ը: Նախագահն ու վարչապետը ձերբակալվել են ցերեկը՝ պետության ղեկավարի Սեբենիկորոյի նստավայրում:

Երեքշաբթի առավոտյան Կատիի բանակային հենակետում սկսվել է ռազմական ապստամբություն: Ըստ Malijet լրատվական պորտալի, ապստամբներին ղեկավարել է Կատիի ռազմակայանի դպրոցի նախկին տնօրեն, գնդապետ Սադիո Կամարան: Օրվա ընթացքում զինված ուժերը ձերբակալել են կառավարության նախարարներին, այդ թվում՝ արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարության ղեկավարներին, ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակին: Wakat Sera պորտալի փոխանցմամբ՝ Մալիի զինված ուժերի գլխավոր շտաբը նույնպես ապստամբների վերահսկողության տակ է, ձերբակալվել են մի շարք ռազմական հրամանատարներ:

Վերջին տարիներին Մալիի տարածքում ակտիվացել են ահաբեկչական իսլամիստական խմբավորումները: Դրանցից խոշորագույններն են՝ «Իսլամական պետությունը Արեւմտյան Աֆրիկայում» եւ «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում»: Երկուսն էլ «Իսլամական պետության» կառույցներ են: Բուրկինա ֆասոյի սահմանամերձ շրջաններում նույնպես գործում են «Ալ Քաիդա»-ի հետ կապված խմբավորումներ։