Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ, որոնք պատասխանատու են ցուցարարների եւ ընդդիմության նկատմամբ բռնության կիրառման համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը՝ Բելառուսի հարցով ԵՄ առցանց գագաթնաժողովը սկսվելուց առաջ, հաղորդում է Ավստրիական մամուլի գործակալությունը։
«Ես ողջունում եմ Բելառուսի իրավիճակի հարցով հատուկ գագաթնաժողովի անցկացումը,- նշել է Կուրցը։ - Քանի որ ես կարեւոր եմ համարում, որ ԵՄ-ն հստակ արձագանքի այնտեղի իրադարձություններին։ Իմ կարծիքով՝ պատժամիջոցներն անհրաժեշտ են նրանց դեմ, ովքեր պատասխանատու են ընդդիմության եւ ցուցարարների նկատմամբ բռնության համար»։ Կուրցը նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է Բելառուսում նախագահի նոր ընտրություններ անցկացնել, որոնք կլինեն ազատ եւ արդար։
Ավստրիայի կանցլերի կարծիքով՝ Բելառուսում անցկացված ընտրությունները «չեն եղել ազատ եւ արդար»։ «Անհրաժեշտ են նոր ընտրություններ, որոնք կլինեն ազատ եւ արդար»,- կոչ է արել Կուրցը։
Նա հավելել է, որ Բելառուսում անհրաժեշտ է երկխոսություն հաստատել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ։





























