Անհրաժեշտ է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային հատկացնել անցումային նախագահի դերը, իսկ նոր ընտրություններն անցկացնել 5-6 ամիս հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նախագահի պաշտոնի նախկին հավակնորդ Վալերի Ցեպալկոն, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա երկրից հեռացել է։
«Նա (Տիխանովսկայան) անցումային նախագահ է։ Նա դառնում է պետության ղեկավարը։ Սահմանադրության համաձայն՝ նոր ընտրություններ են նշանակվում 5-6 ամիս հետո»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է լուծվի Բելառուսում քաղաքական ճգնաժամը։
Ցեպալկոյի կարծիքով՝ Տիխանովսկայայի հաղթանակը «միանգամայն ակնհայտ է, եւ այս ակնհայտության հիմքի վրա նա պետք է լինի պետության այս պահին միակ լեգիտիմ ղեկավարը»։
Օգոստոսի 9-ին Բելառուսի նախագահական ընտրություններում 6-րդ անգամ հաղթել է գործող առաջնորդ Ալեքսանդր Լուկաշոնկոն․ ԿԸՀ տվյալներով՝ նա ստացել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմության կարծիքով՝ ընտրություններում հաղթել է ոչ թե Լուկաշենկոն, այլ Տիխանովսկայան։
Ընտրություններից անմիջապես հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր։ Սկզբում ուժայինները դրանք դաժանորեն ճնշել են՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետնե փամփուշտներ, բայց հետո դադարել են հանրահավաքները ցրել։ Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 10 օր։ Նախօրեին ընթացել են նաեւ Լուկաշենկոյի աջակցության հանրահավաքներ։





























