Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս փուլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր գործողությունները համակարգում է Միութենական պետության եւ ՀԱՊԿ շրջանակում։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «60 րոպե» ծրագրի եթերում։

«Հիմա ընթանում են Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների խորհրդակցությունները։ Պետությունների ղեկավարներն իրենց գործողությունները համակարգում են առաջին հերթին կնքված պայմանագրերի շրջանակում։ Դա ե՛ւ Միութենական պետությունն է, ե՛ւ ՀԱՊԿ-ը»,- ասել է նա։

Մամուլի քարտուղարը նաեւ հիշեցրել է, որ երկրների առաջնորդների միջեւ մի քանի հեռախոսային զանգ է եղել։ Լուկաշենկոն Պուտինին խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փոխանցել Բելառուսի ներքին գործերին չմիջամտելուն մասին խնդրանքը։ Նրա խոոսքով՝ Բելառուսի նախագահը այս փուլում Մերկելի հետ զրուցելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Ինչպիսի՞ն կլինի դրա արդյունքը։ Ավելի շուտ բացասական, քանի որ այսօրվա դրությամբ գլխավորը, որ մենք ցանկանում ենք՝ այն է, որ Արեւմուտքը չաջակցի նրանց, ովքեր Բելառուսում իրավիճակն ապակայունացնում են։ Սրանից ելնելով՝ մեր երկրի նախագահը իր ռուս գործընկերոջը խնդրել է տիկին Մերկելին փոխանցել, որ Գերմանիան, ինչպես նաեւ ամբողջ Արեւմտյան Եվրոպան չմիջամտեն Բելառուսի ներքին գործերին, ինչպես որ հիմա տեղի է ունենում»,- ասել է Էյսմոնտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Պուտինի եւ Լուկաշենկոյի հեռախոսային վերջին զրույցը կայացել է օգոստոսի 18-ին, սա եղել է նախագահական ընտրություններից հետո պետությունների ղեկավարների արդեն երրորդ հեռախոսազրույցը։ Պուտինը նրան հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների մասին այն մասով, որը վերաբերել է Բելառուսին։ Պուտինը Լուկաշենկոյին հավաստել է Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի հիմքով, ինչպես նաեւ ՀԱՊԿ գծով խնդիրների լուծմանն օգնելու իր պատրաստակամությունը։