Լիբանանցի փաստաբանը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահի եւ վարչապետի դեմ, քանի որ նրանք միջոցներ չեն ձեռնարկել Բեյրութի նավահանգստում պահվող վտանգավոր նյութերը հանելու համար, հայտնում է AP-ը:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որի հետեւանքով զոհվել է 180 մարդ:
Փաստաբան Մայդ Հարբի այս քայլը բազմաթիվ առումներով խորհրդանշական է, քանի որ նախագահ Միշել Աունը եւ հեռացող վարչապետ Հասան Դիաբը պայթյունից երկու շաբաթ առաջ քիմիական նյութը պահելու վտանգների մասին նախազգուշացնող զեկույց են ստացել:
Պայթյունից հետո Աունն ասել է, որ զեկույցը ստանալուց հետո իր ռազմական խորհրդականին խնդրել է անհապաղ արձագանքել դրան եւ անհրաժեշտ ամեն ինչ անել: Դիաբի կողմից ոչ մի մեկնաբանություն չկա, նա պայթյունից մի քանի օր անց հրաժարական է տվել:
«Նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել պայթյունը կանխելու համար»,- ասվում է Հարբայի հայցում:
Պայթյունից հետո ի հայտ եկած փաստաթղթերը ցույց են տվել, որ նավահանգստի, մաքսատան հետախուզության, ռազմական եւ դատական շատ պաշտոնյաներ, ինչպես նաեւ քաղաքական ղեկավարներ, տեղյակ են եղել Բեյրութի նավահանգստի պահեստում գտնվող ամոնիումի նիտրատի պաշարների մասին, եւ ոչինչ չի արվել:
Պայթյունը, որի հետեւանքով զոհվել է 180, վիրավորվել շուրջ 6000 եւ գրեթե 300 000 մարդ անօթեւան է մնացել, Լիբանանի պատմության մեջ ամենասարսափելի դեպքն է, որի հետեւանքով պատճառվել է 10-15 միլիարդ դոլարի վնաս: Մինչ այժմ եւս 30 մարդ համարվում է անհայտ կորած:
Այսօրվա դրությամբ իշխանությունները ձերբակալել են 19 մարդու, որոնցից շատերը մաքսային ծառայողներ եւ նավահանգիստի աշխատակիցներ են։ Նավահանգստի ղեկավարը եւ երկրի մաքսային ծառայության պետը ձերբակալվել են այս շաբաթվա սկզբին:





























