Համակարգող խորհուրդը ընտրել է նախագահության կազմը, այս մասին այսօր հայտնել է կառույցի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Sputnik-Բելառուսը»։

Համակարգող խորհուրդը ստեղծվել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Կառույցը քաղաքական ծրագիր չունի, կազմակերպության ստեղծման նպատակն է իշխանության խաղաղ փոխանցման կազմակերպումը։

Խորհրդի առաջին նիստում ընտրվել է նախագահություն։ Դրա մեջ են մտել հետեւյալ գործիչները՝

•             Սվետլանա Ալեքսիեւիչ

•             Լիլիա Վլասովա

•             Սերգեյ Դիլեւսկի

•             Մաքսիմ Զնակ

•            Օլգա Կովալկովա

•             Մարիա Կոլեսնիկովա

•            Պավել Լատուշկո

Համակարգող խորհրդի անդամները նախօրեին մանրամասն ներկայացրել են իրենց աշխատանքի նպատակներն ու խնդիրները։ Բացի Բելառուսում հայտնի եւ հարգարժան գործիչներից, դրա մեջ կմտնեն աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչները։ Հատկանշական է, որ ՀԽ անդամներին ներկայացվող պահանջներից մեկը Բելառուսում գտնվելն է, այս պատճառով դրա մեջ դեռեւս չեն կարող մտնել ո՛չ ինքը Տիխանովսկայան, ո՛չ Ցեպալկո ամուսինները, ո՛չ այլ քաղաքական գործիչներ, որոնք հարկադրված էին երկրից հեռանալ։