Իտալիան, Իսպանիան եւ Մալթան չպետք է մենակ մնան ներգաղթյալներին փրկելու հարցում, անհրաժեշտ է ցուցաբերել համաեվրոպական հանդուրժողականություն, ինչը, սակայն, չկա: Այս մասին օգոստոսի 19-ին «Ավրորա» առցանց քննարկման ժամանակ հայտարարել է «SOS Միջերկրածով» կազմակերպության համահիմնադիր Սոֆի Բոն։

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսը եվրոպական երկրների համար դարձել է հարմար առիթ՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու այն միգրանտների փրկության գործում, որոնք փորձում են ծովով հասնել Հին աշխարհ:

Աֆղանական կրթության ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սակինա Յակուբին իր հերթին նշել է, որ աշխարհում ոչ մի երկիր պատրաստ չէր կորոնավիրուսին:

«Այս առումով կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն ֆինանսական եւ տնտեսական բաղադրիչները, այլեւ մարդկանց տեղեկացվածությունը»,- ընդգծել է նա:

Սոմալիում գտնվող Խաղաղության եւ մարդու իրավունքների «Էլման» կենտրոնի ղեկավար Իլվադ Էլմանը հավելել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված նոր մարտահրավերների ֆոնին կարեւոր է ոչ միայն տարբեր տարածաշրջաններում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցների տրամադրումը, այլեւ որոշակի ծառայությունների մատուցումը: