Հոնկոնգի կառավարությունը բողոք է հայտնել Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի հետ երեք երկկողմ համաձայնագրերի գործողությունը միակողմանի կարգով կասեցնելու ԱՄՆ որոշման դեմ եւ Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել իր ներքին գործերին միջամտությունը։ Այս մասին նշված է հինգշաբթի տարածված տեղական իշխանությունների հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հոնկոնգի կառավարությունը կտրականապես առարկում է եւ դատապարտում ԱՄՆ գործողությունները, որոնք մեծապես դիտարկվում են չին-ամերիկյան հարաբերություններում խնդիրներ ստեղծելու համար Հոնկոնգը որպես խաղաքար օգտագործելու փորձ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Հրապարակման մեջ նշված է, որ այս պայմանագրերն ամենեւին չէին արտացոլում Հոնկոնգի նկատմամբ ԱՄՆ ինչ-որ արտոնյալ ռեժիմ, ինչպես պնդել է Վաշինգտոնը, այլ «իրենցից ներկայացնում են երկկողմ համաձայնագրեր, որոնք բարեխղճորեն կնքվել են իրավակարգի, նավագնացության եւ հարկային ռեժիմի ոլորտներում երկու կողմերի մարդկանց եւ բիզնեսի շահերի շրջանակում»։ «Միացյալ Նահանգների միակողմանի որոշումն արտացոլում է ներկայիս վարչակազմի դեպքում նրա անհարգալից վերաբերմունքը երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների սկզբունքների նկատմամբ եւ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»,- ընդգծել են Հոնկոնգի իշխանությունները։
«Մենք ԱՄՆ վարչակազմին վճռական կորպով կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս հատուկ վարչական շրջանի ներքին գործերին միջամտությունը եւ հրաժարվել Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության մասին Չինաստանի օրենքի վերաբերյալ իր չհիմնավորված մեղադրանքներից»,- նշված է հայտարարության մեջ։
Վաշինգտոնը չորեքշաբթի իրազեկել էր Հոնկոնգի հետ երեք համաձայնագրերի գործողության կասեցման մասին, որոնք վերաբերում էին արդարադատությունից թաքնվողներին հանձնելուն, դատապարտվածներին փոխանցելուն եւ նավերի միջազգային գործարքներից ստացված եկամուտների առումով փոխադարձ հարկային բացառումներին։





























