ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները հայտարարել են, որ Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը թաքցրել են Չինաստանի իշխանություններից, հաղորդում է Independent-ը:
Հետախուզության զեկույցում ասվում է, որ տվյալ եզրակացությունները հաստատվում են կորոնավիրուսի տարածման սկզբում արված ռեպորտաժներում եւ Չինաստանի կառավարության աշխատանքի մեթոդների մասին փորձագետների գնահատականներում:
Ամերիկացի հետախույզների խոսքով՝ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունների կողմից կարեւոր տեղեկություն թաքցնելը նորություն չէ, քանի որ նրանք վախենում են Պեկինի ճնշումներից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը փորձել է վաղ փուլերում թաքցնել կորոնավիրուսի տարածումը:
Նոր զեկույցը չի հակասում Թրամփի հայտարարությանը, սակայն ենթադրում է, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան ավելի վաղ համարվում էր:





























