Գերմանիայի քաղաքացուհին, որը միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ստիպված է եղել վաճառել իր հարսանեկան նվերը` AK47 հրացանը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԳԴՀ դատախազությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Զեյնեպ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության» գործողություններին մասնակցելու երեք դեպքերի, այդ թվում՝ զենքի մասին օրենքի խախտման եւ ռազմական հանցագործություն կատարելու համար:
Նշվում է, որ 2014-ի սեպտեմբերին կինը մեկնել է Սիրիա՝ ծայրահեղական խմբավորմանը միանալու համար:
Նա ամուսնացել է գրոհայիններից մեկի հետ եւ հետագայում օգտագործել է սոցիալական ցանցերը, որ Գերմանիայում իր ընկերներին համոզի միանալ ԻՊ-ին:
Ամուսնու մահից հետո նա կրկին ամուսնացել է գրոհայինի հետ եւ տեղափոխվել է Ռաքքայում խմբավորման շտաբ:
Դատախազությունում հայտարարել են, որ «Կալաշնիկով» ինքնաձիգը նրան հարսանիքին են նվիրել, եւ կինը սովորել է օգտագործել այն, սակայն փողի բացակայության պատճառով ստիպված է եղել վաճառել զենքը:
ԻՊ-ի «հարսնացուն» փետրվարին ձերբակալվել է Թուրքիայում, եւ այժմ Գերմանիայում սպասում է դատավարությանը:





























