Բելառուսական ընդդիմությունը փորձելու է հասնել կարճ ժամկետում կրկնակի նախագահական ընտրությունների, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է ամբողջությամբ թարմացվի, այսօր «Ինտերֆաքսին» ասել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան։

«Բելառուսի գործող նախագահի լիազորությունները լրանում են միայն նոյեմբերի 5-ին։ Դրանից հետո մենք մտադիր ենք ընտրություններ անկացնել միջազգային ստանդարտների խիստ համապատասխանությամբ՝ հրավիրելով միջազգային դիտորդների։ Բայց ԿԸՀ կազմը պետք է ամբողջությամբ թարմացվի, ԿԸՀ ղեկավարը պետք է փոխվի»,- ասել է նա։

Ընդ որում՝ ընդդիմության շարքերում կրկնակի ընտրություններին Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցության խոչընդոտներ չեն տեսնում։

«Մենք տեսնում ենք, որ անգամ վարչական ռեսուրսներ տնօրինելով, անգամ կոպտագույն խախտումներով նա պարտվել է։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Բելառուսի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ընտրություններին մասնակցելու իրավունք, այստեղ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Բայց մենք չենք հավատում, որ Լուկաշենկոն դրան կգնա»,- ասել է նա։