Առայժմ անհայտ պատճառով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվային ծառայության (FBI Records Vault) Twitter-ի պաշտոնական էջում, առանց որեւէ ենթատեքստի կամ նկարագրության, հայտնվել է ծայրահեղ հակասական փաստաթուղթ՝ «Սիոնական իմաստունների արձանագրությունները», հայտնում է Popmech-ը:

Ավելի քան մեկ դարի պատմություն ունեցող հակահրեական կեղծիքների հրապարակումը բառացիորեն «պայթեցրել է» մեդիատարածքը, եւ այն տեղադրելու պահին պետական կառույցի թվիթի տակ արդեն հավաքվել է մոտ հինգ հազար մեկնաբանություն: Ըստ երեւույթին, բյուրոկրատները դեռեւս լիովին իրենց հաշիվ չեն տալիս ինչպես ճիշտ կառավարել սոցիալական ցանցերը, եւ ինչ ազդեցություն ունեն դրանք 21-րդ դարում:

Հետաքրքիր է, որ գերատեսչությունը դեռեւս մանրամասնորեն չի պատասխանել տարբեր լրատվամիջոցների կամ Twitter-ի օգտատերերի հարցերին: Միակ մեկնաբանությունը, որ տվել են ՀԴԲ ներկայացուցիչները, հրապարակվել է նույն FBI Records Vault-ում, սկզբնական գրառումից մի փոքր ուշ: Դա մեկնաբանում է, որ սոցցանցի այդ հաշիվը հրապարակում է տարբեր արխիվային փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են, եւ դրանք պետք է հրապարակվեն: Հնարավոր անհարմարությունների եւ հուզական նեղությունների համար բյուրոն ներողություն է խնդրել, բայց ոչ ավելին՝ իբր սա է այս հաշվի մեխանիզմը, ընդունեք այն:

Շատ մեկնաբաններ ի սկզբանե ենթադրում էին, որ FBI Records Vault հաշիվը հաքերները կոտրել են: Ինչ-որ մեկը գերատեսչությանը կասկածել է ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ տեղեկատվական պատերազմին մասնակցելու մեջ: Բնականաբար, գտնվել են նաեւ դավադրության տեսաբաններ, որոնք փաստաթուղթը համարել են բնօրինակ, եղել են նաեւ կատակասերներ։