Չինաստանի կառավարությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ որեւիցե եռակողմ բանակցությունների մասնակցելու մտադրություն չունի։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ճեպազրույցում այսպես է մեկնաբանել այն հարցը, որ ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը երկարաձգել, իսկ այնուհետեւ այս ոլորտում նոր համաձայնագիր մշակել Չինաստանի մասնակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը ոչ մի մտադրություն չունի միանալու Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ, այսպես կոչված, եռակողմ բանակցությունների։ Այս դիրքորոշումը ե՛ւ հստակ է, ե՛ւ հետեւողական»,- նշել է նա։ «Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին նոր պայմանագիրը (ՀՍԿՊ, հայտնի է նաեւ ՀՍԿ-III անունով) Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային զինաթափման մասին միակ ուժի մեջ մնացած երկկողմ պայմանագիրն է։ Դրա պահպանումն առնչվում է ոչ միայն 2 երկրների ռազմավարական անվտանգությանը, այլեւ գլոբալ ռազմավարական անվտանգությանը»,- հավելել է դիվանագետը։

«ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է պահպանեն այս պայմանագրի երկարաձգման շուրջ երկխոսությունը եւ իրենց ավանդն ունենան համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում։ ԱՄՆ-ն նաեւ, ունենալով աշխարհում խոշորագույն միջուկային զինանոցը, պետք է հետեւի միջազգային հանրության կոնսենսուսին եւ ազնվորեն կատարի իր հատուկ եւ առաջնահերթ պատավորությունները միջուկային զինաթափման ոլորտում, զգալիորեն կրճատի միջուկային զենքի իր պաշարները՝ միջուկային զինաթափման շուրջ բազմակողմ բանակցություններին մյուս երկրների միանալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ամփոփել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Վաշինգտոնյան Axios լրատվական պորտալը հինգշաբթի հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության վերահսկման շուրջ բանակցություններին Չինաստանի մասնակցության պահանջից։ ԱՄՆ նախագահի սպառազինության վերահսկման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բելինգսլին Վիեննայում Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման արդյունքներով պարբերականի թղթակցին հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը «հիմա կողմնորոշված է Ռուսաստանի հետ քաղաքական համաձայնության հասնելուն, իսկ այնուհետեւ Չինաստանի վրա ճնշում գործադրելուն նրան բանակցություններին եւ, վերջին հաշվով, պայմանագրին միացնելու նպատակով»։