Գերմանիայից բժիշկները, որոնք հետազոտել են քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, համարում են, որ նրան հնարավոր չէ տեղափոխել՝ չնայած իրենց ինքնաթիռի սարքավորումները թույլ են տալիս անվտանգ նրան տեղափոխել Բեռլին։ Այդ մասին թվիթերում հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Շտապ օգնության № 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտարարել է, որ բժիշկների կոնսիլիումը, որին մասնակցել են մասնագետներ Գերմանիայից, որոշել է, որ Նավալնին կշարունակի բուժվել Օմսկի հիվանդանոցում մինչեւ վիճակի կայունացումը։ Մուրախովսկին հավելել է, որ բժիշկները համարում են, որ Նավալնիի վիճակը կարող է վատանալ ինքնաթիռով թռիչքի ժամանակ, հաղորդում է «Մեդուզա»-ն։

Նավալնիի կողմնակիցները համարում են, որ ռուս բժիշկները թույլ չեն տալիս տեղափոխել քաղաքական գործչին, որպեսզի խանգարեն պարզել, թե ինչով են նրան թունավորել։ Սակայն բժիշկները հայտարարում են, որ քաղաքական գործիչը չի թունավորվել եւ բացատրում նրա վիճակը նյութափոխանակության խախտմամբ։

Քաղաքական գործչի տիկին Յուլյա Նավալնայան ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ ամուսնուն տեղափոխել Գերմանիա բուժման համար։