Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի որոշումը հավանության արժանացավ արաբական որոշ երկրների կողմից, սակայն, չնայած ԱՄՆ-ի աջակցությանը, մյուսները մերժեցին այդ գաղափարը, եւ շատերը դրան զգուշությամբ են վերաբերում, գրում է AFP-ը:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով մերձավորարեւելյան շրջագայության մեջ է Իսրայելով, Սուդանով, Բահրեյնով եւ ԱՄԷ-ով, հայտարարել է, թե հույս ունի, որ արաբական երկրները կհետեւեն ԱՄԷ-ի օրինակին:
Վերլուծաբաններն ասում են, որ Խարթումն ու Մանաման, ամենայն հավանականությամբ, կհետեւեն ԱՄԷ-ին, որը հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատող երրորդ արաբական երկիրն է:
Տարածաշրջանում ծանրակշիռ Սաուդյան Արաբիան, առանց դատապարտելու գործարքը, հրաժարվեց կարգավորել հարաբերությունները, քանի դեռ Իսրայելը պաղեստինցիների հետ չի կնքել միջազգայնորեն ճանաչված խաղաղ համաձայնագիրը:
Բահրեյն
Բահրեյնի՝ ԱՄԷ-ի ու Իսրայելի միջեւ գործարքը ողջունող Պարսից ծոցի առաջին երկրի եւ հրեական պետության միջեւ հարաբերությունները սկսվել են 1990-ականներին:
Բահրեյնը Իսրայելի հետ ընդհանուր թշնամի ունի Իրանում, որին Մանաման մեղադրում է երկրի իշխող Ալ-Խալիֆա սունիական դինաստիայի դեմ շիաների մահմեդական համայնքին ցույցերի հրահրելու մեջ:
Մանաման Սաուդյան Արաբիայի մերձավոր դաշնակիցն է եւ դժվար թե պաշտոնական հարաբերություններ հաստատի առանց Էր Ռիադի օրհնության: «Թեեւ Սաուդյան Արաբիան չի կարող ուղղակիորեն կարգավորել հարաբերությունները խաղաղ գործընթացում փակուղային իրավիճակի պայմաններում, Բահրեյնը կարող է դառնալ սաուդա-իսրայելական փոխանակման կենտրոն»,- ասում է Լոնդոնի Թագավորական քոլեջի վերլուծաբան Անդրեաս Քրիգը:
Այս շաբաթ Բահրեյնի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի հավատարմությունը պաղեստինյան գործին, սակայն հավելել է, որ Մանաման «որոշումները կայացնում է՝ հիմնվելով իր ազգային եւ արաբական սկզբունքների, ինչպես նաեւ՝ անվտանգության ռազմավարական շահերի վրա»:
Սուդան
Սուդանցի պաշտոնատար անձինք հակասական մեկնաբանություններ են արել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, սակայն մի շարք գործոններ ստիպում են նրանց շարժվել այդ ուղղությամբ:
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հայդեր Բադավին հայտարարել է, որ պաշտպանում է նման համաձայնագիրը, բայց ԱԳՆ նախարար Օմար Գամալեդինն ասել է, որ այդ հարցը «երբեք չի քննարկվել Սուդանի կառավարության կողմից» եւ անմիջապես աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարին:
Գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը, որը գլխավորում է Սուդանի Անցումային ինքնիշխան խորհուրդը, փետրվարին Ուգանդայում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Սուդանը ձգտում է դուրս գալ ԱՄՆ-ի «սեւ ցուցակից», եւ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է օգնել դրան:
«Նրանք չափազանց շահագրգռված են ԱՄՆ պատժամիջոցները վերացնելով եւ գտնվում են ԱՄԷ-ի ուժեղ ազդեցության տակ»,- ասել է միջազգային հարաբերությունների հարցով Եվրոպական խորհրդի գիտաշխատող Չինցիա Բյանկոն:
Օման
Օմանը նույնպես արագորեն ողջունել է ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը, սակայն հայտարարել է, որ ինքը հավատարիմ է «անկախ պետության ձգտող պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքներին»՝ Արեւելյան Երուսաղեմում մայրաքաղաքով:
Երկիրը ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցն է, սակայն նաեւ լավ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ: Նա հավատարիմ է չեզոքության քաղաքականությանը եւ երկար տարիներ միջնորդական դեր է խաղացել տարածաշրջանային հակամարտություններում:
Օմանի եւ Իսրայելի միջեւ մի շարք շփումներ են եղել, այդ թվում՝ 2018-ին, երբ հանգուցյալ սուլթան Քաբուսը Նեթանյահուին ընդունեց Մասկատում:
Սուլթան Հայթամը «զգուշորեն է գործում՝ տնտեսության հետ կապված հնարավոր դժգոհությունների պատճառով, եւ այս պահին այդպիսի հակասական քայլի գնալու ռիսկի չի դիմի»,- ասել է Բյանկոն:
Կատար
Կատարը չի արձագանքել անսպասելի հայտարարությանը՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ Եգիպտոսի հետ ձգձգված դիվանագիտական հակասությունների պայմաններում:
Դոհան, որը նույնպես մոտ է ԱՄՆ-ի հետ, պահպանում է Իսրայելի հետ մշտական, թարմացվող կապեր, 1996-2000 թվականներին երկրում էր գտնվում Իսրայելի տնտեսական շահերի հարցերով գրասենյակը:
Կատարը նաեւ ակտիվորեն մասնակցում է Գազայի հատվածում իրավիճակի զարգացմանը՝ կառավարելով եւ ֆինանսավորելով պաղեստինյան ժողովրդին սոցիալական վճարումները: «Թեեւ Կատարը համագործակցում է Իսրայելի հետ՝ պաղեստինյան գործին աջակցելու համար, նա չի կարգավորի հարաբերությունները, քանի դեռ խաղաղ գործընթացը փակուղու մեջ է»,- ասել է Քրիգը:
Քուվեյթ
Քուվեյթը՝ ԱՄՆ-ի մեկ այլ մերձավոր դաշնակիցը, նույնպես Իսրայելի հետ գործարքի վերաբերյալ լռություն է պահպանում:
Հարուստ էմիրությունը Պարսից ծոցի միակ երկիրն է, որն ունի իրական քաղաքական եւ խորհրդարանական կյանք, եւ որտեղ երբեմն տեղի են ունենում աշխույժ հասարակական քննարկումներ:
Որոշ քաղաքական խմբեր եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են հրեական պետության հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի որոշումը, այն դեպքում, երբ մյուսները պաշտպանել են այն։
Սակայն Իսրայելի հետ հարաբերությունների պաշտոնական ձեւավորումը քիչ հավանական է, քանի որ Ազգային ժողովն օգտագործում է «Իսրայելի հանդեպ թշնամական վերաբերմունքը՝ որպես ժողովրդի ձայն իր տեղին հավակնելու համար»,- ասել է Բյանկոն:





























