Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդոկը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ասել է, որ իր կառավարությունը Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մանդատ չունի եւ ցանկացած նման քայլ կձեռնարկվի անցումային շրջանից հետո, հայտնում է AFP-ը:
Վարչապետը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին բացատրել է, որ Սուդանում անցումային շրջանը ղեկավարվում է լայն դաշինքի կողմից, որն ունի հստակ օրակարգ՝ ավարտին հասցնել անցումը, հասնել երկրում խաղաղության ու կայունության եւ ազատ ընտրություններ անցկացնել: Այս մասին ասված է Սուդանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆեյսալ Սալեհի հայտարարության մեջ:
Համդոկը հայտարարել է, որ «չունի այդ առաջադրանքների շրջանակից դուրս գալու կամ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման որոշում կայացնելու մանդատ»:
Անցումային կառավարությունը, որը իշխանության է եկել անցած տարի՝ Օմար ալ-Բաշիրի տապալումից հետո, կմնա իշխանության մինչեւ 2022 թվականի ընտրությունները:
Պոմպեոն Խարտումից Երուսաղեմ է ժամանել երեքշաբթի օրը՝ երկու շաբաթ անց այն բանից, երբ Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները որոշել են բարելավել իրենց հարաբերությունները այն գործարքի շրջանակներում, որին աջակցում է ԱՄՆ-ը:
Պոմպեոն տարածաշրջանային շրջագայության մեջ է, որպեսզի համոզի արաբական երկրներին կարգավորել հարաբերությունները հրեական պետության հետ:
Համդոկը կոչ է արել Միացյալ Նահանգներին «ահաբեկչության պետական հովանավորների ցուցակից Սուդանին հանելը չկապել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցի հետ»:
1993-ին ԱՄՆ-ը Սուդանին ներառել էր ահաբեկչությունը հովանավորող պետությունների «սեւ ցուցակում»՝ Բաշիրի ռեժիմին աջակցելու պատճառով:
Ուսամա բեն Լադենը 90-ականներին երկար տարիներ ապրել է այնտեղ՝ նախքան Աֆղանստան մեկնելը:





























