Բելառուսը կմիանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի լրացուցիչ փորձարկման ավարտական փուլին եւ կլինի առաջին երկրներից մեկը, որը կստանա այս դեղամիջոցը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք Ալեքսանդր Գրիգորեւիչի (Լուկաշենկո - խմբ.) հետ դա քննարկել ենք եւ պայմանավորվել ենք, որ Բելառուսը կմիանա մեր պատվաստանյութի լրացուցիչ փորձարկման վերջին փուլին: Եվ հետո կլինի առաջիններից մեկը, ով կստանա այս դեղամիջոցը»,- կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը: Նա փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային խնդրել է ավարտին հասցնել այդ աշխատանքը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Բելառուսը իսկապես կամավոր հիմունքներով կմասնակցի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը ավելի վաղ գրանցել էր COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակել է Ն.Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը` Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հաղորդել է, որ իրենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեկ միլիարդ դոզա գնելու հայտեր են ստացել ավելի քան 20 երկրներից: Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության համար պայմանավորվել է հինգ երկրների հետ, որոնց կարողությունները թույլ են տալիս տարեկան 500 միլիոն չափաբաժին արտադրել: