Թուրքիան մեղադրել է Հունաստանին «ծովահենության» մեջ՝ հայտարարելով, որ ինքը դեմ կլինի «իր ափին կղզիները ռազմականացնելու Աթենքի ջանքերին», հայտնում է AP-ն:

Չնայած Գերմանիայի միջնորդական ջանքերին, ՆԱՏՕ-ում դաշնակիցներ Թուրքիան եւ Հունաստանը հայտնվել են վտանգավոր առճակատման մեջ՝ ծովային սահմանների եւ նավթի ու գազի հետախուզման իրավունքների շուրջ, որոնք առաջացել էին, երբ Թուրքիան ռազմական նավերի ուղեկցությամբ հետազոտական նավ էր ուղարկել գազի եւ նավթի պաշարներ որոնելու:

Հունաստանը պնդում է, որ այդ ջրերն իր մայրցամաքային շերտի մի մասն են, եւ ստացել է ԵՄ աջակցությունը, որը դատապարտել է Թուրքիայի «անօրինական գործողությունները» եւ նախազգուշացրել Անկարայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին:

Թուրքիան վիճարկում է Հունաստանի պահանջները՝ պնդելով, որ ծովային սահմանները որոշելիս Հունաստանի կղզիները չպետք է հաշվի առնվեն: Անկարան մեղադրում է Աթենքին արեւելյան Միջերկրական ծովի ռեսուրսների մի մասը անարդար կերպով զավթելու փորձ կատարելու մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հռետորաբանությունն ուժեղացնելով, նախօրեին հայտարարել է, որ Անկարան պատրաստ է վճարել արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի «իրավունքները» պաշտպանելու ջանքերի գինը: Նա հարցրել է, թե Հունաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդները պատրա՞ստ են արդյոք նույն զոհաբերություններին գնալ՝ իրենց առաջնորդների «ագահության եւ անիրազեկության» պատճառով:

Երկուշաբթի Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդումները, թե իբր Հունաստանը գաղտնի զինվորներ է ուղարկել Կաստելորիզո կղզի, որը գտնվում է մայրցամաքային Հունաստանից մոտ 600 կիլոմետր հեռավորությամբ եւ թուրքական ափից երկու կիլոմետր հեռավորությամբ՝ անվանելով դա «ծովահենություն»: «Թուրքիայի ափեր զենք ուղարկելը հիմարություն է»,- նշել է նա:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ եթե հաղորդագրությունները ճշմարիտ են, այդ քայլը նշանակում է 1947 թ. պայմանագրի խախտում եւ «Հունաստանի անօրինականության ու արեւելյան Միջերկրածովում նրա իրական մտադրությունների նոր վկայություն»:

Հունաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ զինվորներին Կաստելորիզո են ուղարկել փոխատեղման շրջանակներում, եւ կղզում ռազմական պոտենցիալի աճ չկա։

Հույն պաշտոնյաները պնդում են, որ Հունաստանը իրավունք ունի սպառնալիքի դեպքում պաշտպանական ուժեր տեղակայել՝ հիշեցնելով, որ Թուրքիան չի ստորագրել Էգեյան ծովի հարավարեւելյան կղզիները Հունաստանին փոխանցելու 1947 թ. պայմանագիրը։