Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը չի ճանաչում Կոսովոն՝ որպես միջազգային իրավունքի օբյեկտ, ուրբաթ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես անկեղծորեն գոհ եմ մեր ձեռքբերմամբ։ Մենք ստորագրել ենք երկկողմանի համաձայնագիր ԱՄՆ-ի հետ․ կարեւոր է, որ դա եռակողմ համաձայնագիր չէ։ Այդկերպ, համաձայնագիրը չի ճանաչում Կոսովոն՝ որպես միջազգային իրավունքի օբյեկտ։ Դա լավ համաձայնագիր է Սերբիայի համար»,-հայտարարել է Վուչիչը։

«Համաձայնագրում չկա 10-րդ կետը՝ չի ճանաչվում Կոսովոն, Կոսովոյի քաղաքացիները կարող են հանգիստ շունչ քաշել։ Նրանք պարտավորվել են մուտք գործել մինի-Շենգեն․ դա ապրանքների եւ աշխատուժի ազատ տեղաշարժն է տարածաշրջանում, դա նոր զարկ կհաղորդի մեր տնտեսության զարգացմանը։ Կարծում են դա լավ է եւ մենք չպետք է վախենանք»,-հայտարարել է Վուչիչը։

Համաձայնագրի կետերից մեկն այն է, որ «Գազիվոդե» ՀԷԿ-ը պետք է հանձնվի Բելգրադի վերահսկողությանը։ Եւս մեկ կետ ենթադրում է, որ Պրիշտինան կմիանա «մինի շենգենյան» գոտուն (միջբալկանյան տնտեսական շուկային), որի դեմ էին նախկինում ակտիվորեն պայքարում Կոսովոյի ներկայացուցիչները։ Փաստաթուղթը նաեւ ներառում է հուշագիր մեկ տարի ժամկետով, համաձայն որի՝ Կոսովոն դառնում է միջազգային կազմակերպությունների անդամ։

Ըստ առկա տվյալների՝ փաստաթուղթը ենթադրում է ներդրումներ 13 մլրդ դոլարի չափով Բելգրադի եւ Պրիշտինայի համատեղ նախագծերի, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար։

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, ուստի կողմերը ստորագրել են համաձայնագիրը ոչ թե միմյանց հետ, այլ յուրաքանչյուրը ստորագրել է առանձին համաձայնագիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։