Հայաստանում պաշտպանվելու ամենատարածված միջոցներից մեկը հղիության արհեստական ընդհատումն է։ Մայիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը։
Նա նշեց, որ կանայք հղիությունն ամենահաճախն ընդհատում են 20 շաբաթական շրջանում, երբ այդ երեւույթը բժշկական տեսանկյունից անթույլատրելի է համարվում, եթե մայրը եւ երեխան առողջ են։ «Հաճախ հայ մայրիկները հղիությունն ընդհատում են ուշ շրջանում, երբ իմանում են երեխայի սեռը։ Օրինակ, զույգը ցանկանում էր տղա ունենալ, սակայն պարզվում է, որ աղջիկ է ծնվելու կամ հակառակը։ Ի դեպ, պետք է նշել,որ 20 շաբաթականում պտուղն արդեն ձեւավորված է»,- ասաց Ավագյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանում օրինական է համարվում մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատումը։ Ավելի ուշ այս պրոցեդուրան իրականացվում է միայն բժշկի ցուցմունքով, երբ վտանգված է մոր առողջությունը կամ պտուղը սխալ է զարգանում։
Ամեն դեպքում, նրա խոսքով, հղիության արհեստական ընդհատումը վնասակար է կնոջ առողջության համար եւ կարող է հանգեցնել անպտղության։ Առավել վտանգավոր Գրիգորյանը համարեց տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման դեպքերը, որոնք Հայաստանում բավական տարածված են։ Դա, նրա խոսքով, կարող է մահացու ելք ունենալ։




























