ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենն իր հուշագրերում պնդում է, որ Դոնալդ Թրամփը հիանում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կառավարման ոճով, հաղորդում է The Washington Post-ը։

Նախկին փաստաբանի կարծիքով՝ Սպիտակ տան ղեկավարին դուր է գալիս այն, որ ՌԴ նախագահը ղեկավարում է ամբողջ երկիրնը, ինչպես իր սեփական ընկերությունը, ըստ էության, այնպես, ինչպես Ամերիկայի առաջնորդը կառավարել է Trump Organization-ը։

Բացի այդ, համաձայն Քոենի վարկածի, 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին Թրամփը սխալմամբ համարում էր Պուտինին «աշխարհում ամենահարուստ մարդը», իսկ Ամերիկայի առաջնորդը, նախկին փաստաբանի խոսքով, շատ գնահատում է փողը։

«Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ դավադրությանը, իրականում խոսքը վերաբերել է շահերի համընկնմանը, որոնք ամփոփված էին Հիլարի Քլինթոնին ցանկացած ձեւով վնասելուն»,-նշված է Քոենի գրքում։

Սպիտակ տանը հերքել են հուշագրերի տեղեկատվության իսկությունը։ Մասնավորապես, նշել են, որ Քոենի մեկնաբանությունները Ռուսաստանի վերաբերյալ անհիմն են։ Նա նշել է, որ բազմաթիվ հետաքննությունների արդյունքում չի բացահայտնվել որեւէ դավադրություն Թրամփի նախընտրական քարոզարշավի եւ Մոսկվայի միջեւ։

«Մայքլն իր հեղինակությունը կործանած հանցագործ է, որը զրկվել է փաստաբանի արտոնագրից։ Նա կորցրել է իր նկատմամբ վստահությունը, եւ զարմանալի չէ, որ նա դարձյալ փորձում է շահ հետապնդել իր ստից»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին։

ԱՄՆ հատուկ ծառայությունները քննադատում են Ռուսաստանին 2016 թվականին ամերիկյան նախընտրական ընթացքին միջամտելու համար։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր զեկույցը, որում հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուերը խոստովանել էր, որ չի հայտնաբերել դավադրություն Թրամփի եւ ՌԴ-ի միջեւ։