ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի  48-ամյա բնակիչը՝ չունենալով թմրամիջոցների շրջանառության համար թույլտվություն, առանց բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակման եւ առանց իրացման նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, 2020թ. հուլիսի 4-ին քաղել է վայրաճ կանեփի թփեր, ապօրինի պատրաստել եւ պահել զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել եւ առգրավվել է կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի  48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: