Ես Ազգային Ժողովում աշխատել եմ 5 կամ 6 ամիս, որի ժամանակ ունեցել ենք կարանտինային վիճակը եւ չենք կարողացել ավելի արդյունավետ եւ ոգեւորված ձեւով իրագործել այն նախագծերը, որոնք մշակման փուլում էին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսեսյանը՝ պատասխանելով ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե օրենսդիրում «Ձեր լուման ո՞րն է եղել, ի՞նչ նախագծերի վրա եք աշխատել, որի վստահության քվեով մենք պետք է Ձեզ քվեարկենք, որպեսզի համայնքային աշխատանքով զբաղվեք»:
Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ նա ազգային ժողովում իր գործունեության ժամանակ խորհրդատվական ծառայությունների մասով է իր լուման ունեցել։ Հռիփսիմե Առաքելյանը հույս հայտնեց, որ այդպիսի պասիվություն չի ցուցաբերի քաղաքապետարանում:
Սերգեյ Ներսեսյանը պատասխանեց, որ իր պասիվությունը կապված է եղել կարանտինով, քանի որ չէր կարող գնալ աշխատանքի։
«Եթե երկու ամսում որեւիցե մեկը կարող է մեզ ցուցանիշներ ցույց տալ, որի արդյունքում կարող է դրոշ սարքելով իր ձեռքը պարզի՝ որ ես այս եմ արել, այս քայլերն եմ արել, ես կհպարտանամ, եւ նա ինձ համար կդառնա կուռք»,– ասաց Սերգեյ Ներսեսյանը:
Նշենք, որ ավելի ուշ Սերգեյ Ներսեսյանն ընտրվեց փոխքաղաքապետ։





























