Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը «հեռու է ավարտից»:

ԱՄՀ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան եւ գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատխը հայտարարել են, որ տնտեսության շարունակվող վերականգնումը կառավարությունների եւ կենտրոնական բանկերի աջակցության աննախադեպ մասշտաբի եւ արագ իրականացման արդյունք է:

Նրանց խոսքով՝ վերականգնումը դեռ փխրուն է:

ԱՄՀ գնահատմամբ՝ մինչեւ 2021 թվականի վերջ ճնգաժամի ընդհանուր արժեքը կհասնի 12 տրիլիոն դոլարի, ընդ որում, ցածր եկամուտ ունեցող երկրներին հետագա աջակցություն անհրաժեշտ կլինի:

ԱՄՀ-ն արտակարգ ֆինանսավորում է տրամադրել 75 երկրների, այդ թվում ցածր եկամուտով 47 երկրի:

Սեպտեմբերի 8-ի դրությամբ 128 պատվաստանյութ գտնվում է մշակման փուլում, 37-ը փորձարկվել է մարդկանց վրա:

ԱՄՀ պաշտոնական անձինք ողջունել են կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը՝ COVAX-ը:

Նրանց խոսքով՝պատվաստանյութերի սինքրոն եւ արդար բաշխումը բխում է յուրաքանչյուր երկրի շահերից: