Եվրամիության ղեկավարները Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կոչ են արել արագացնել Չինաստանի ու ԵՄ-ի միջեւ ներդրումային համաձայնագրի կնքման բանակցությունները: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հավելելով, որ Չինաստանի հետ մրցակցությունը պետք է լինի արդար, հայտնում է Reuters-ը:
«Մենք ճնշում ենք գործադրում ներդրումային համաձայնագրի հարցում առաջընթացի հասնելու համար»,- ասել է Մերկելը լրագրողներին՝ Ցզինպինի հետ տեսագագաթաժողովից հետո:
«Ընդհանուր առմամբ, Չինաստանի հետ համագործակցությունը պետք է հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա՝ փոխադարձություն, արդար մրցակցություն: Մենք ունենք տարբեր սոցիալական համակարգեր, բայց չնայած հավատարիմ ենք բազմակողմանիությանը, այն պետք է հիմնված լինի կանոնների վրա»,- հավելել է նա:





























