Հեղափոխության երկրորդ ալիքի հերոսը Շարիկովն է։ Նկատի ունենալով Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» պատմվածքի հերոսին, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ո՞վ էր Շարիկովը: Շարիկովը մարդ դարձած շուն չէր, այլ կոնկրետ մարդ՝ գող-ռեցիդիվիստ ու ձրիակեր Կլիմ Չուգունկինը, որին փրկելու համար պրոֆեսոր Պրեոբրաժենսկին փոխպատվաստել էր փողոցային բարի շուն Շարիկի հիպոֆիզն ու սերմնահեղուկների գեղձերը: Արդյունքում ստացվել է համեստ ինտելեկտով օժտված, լկտի, անդաստիարակ ու ոչնչի չընդունակ քաղաքացի Շարիկովը:

Ինչ վերաբերում է քաղաքացի Չուգունկինին, ապա անհայտ է, հեղափոխությանը մասնակցել է, թե պահը բաց է թողել։ Ըստ երևույթին, սխալ է կողմնորոշվել ու պահի հնարավորությունը բաց է թողել, հակահեղափոխական անհատ ձեռներեց պրոֆեսորի հույսին չէր մնա», գրել է քաղաքագետը։

Չուգունկինի ու Շարիկի հիբրիդը քաղաքացի Շարիկովն էր, որը քննադատական մեծ ձիրքով էր օժտված ու փորձում է տեր կանգնել «իսկական» հեղափոխությանը, քանի որ այլ բանի ընդունակ չէր», գրում է Ստեփան Դանիելյանը։

«Նա ֆեյսբուքում (կներեք, անստորագիր նամակներում) բացահայտում է հեղափոխական արժեքներին դավաճանած մարդկանց ու նախկիններին, որոնք թաքնվել են հեղափոխական արդարադատությունից։ Նա մարտիկ էր ու ժամանակի իրական կերպարը։ Շարիկովն իրականում քաղաքական գործիչ է և եթե ժամանակներն այլ լինեին, օրինակ՝ մեր օրերը, հաստատ ցույցերի կմասնակցեր, կուսակցություն կստեղծեր, կամ էլ երկրորդ էշելոնի հեղափոխականների ցուցակով պատգամավոր կդառնար։ Շարիկովի նաև հռետորական ձիրք ուներ և մեր օրերում հասարակ մարդկանց համար հասկանալի լեզվով կբացահայտեր ժամանակի արատներն ու երկրորդ սերնդի հեղափոխության կոչերով հանդես կգար, որովհետև առաջինին չի մասնակցել, առաջինի ժամանակ նույնպես բազմաթիվ Շարիկովներ կային, որոնք արդեն բյուրոկրատացել են ու մի քանի քաղաքական տերմինոլոգիաներ են սերտել», ամփոփել է Ստեփան Դանիելյանը։