ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի Մերի Թրամփը, դատական հայց է ներկայացրել ամերիկյան առաջնորդի եւ իր մյուս երկու հարազատների դեմ՝ մեղադրելով նրանց իրեն ժառանգության զգալի մասից խաբեությամբ զրկելու մեջ: Համապատասխան հայցը հինգշաբթի օրը ստացել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զարմուհին պնդում է, որ 1981 թվականին իր հոր՝ Ֆրեդ Թրամփ-կրտսերի՝ ներկայիս ամերիկացի առաջնորդի եղբոր մահից հետո ինքն ու իր եղբայրը պետք է ժառանգեին անշարժ գույքի ընկերություններում իրենց հոր բաժնետոմսերը: Սակայն, ինչպես նշված է հայցում, Դոնալդ Թրամփը եւ նրա ավագ քույրը՝ պաշտոնաթող դատավոր Մերիեն Թրամփ-Բարրին, ընտանիքի փաստաբանի մեղսակցությամբ, փաստացի զրկել են Մերի Թրամփին, որն այդ ժամանակ 16 տարեկան էր, այդ ակտիվները տնօրինելու իրավունքից: Նա նշել է, որ այս ընկերություններում բաժնետոմսերը գնահատվել են միլիոնավոր դոլարներ:
Բացի այդ, հայցում նշվում է, որ 1999թ. ԱՄՆ ներկայիս նախագահի հոր՝ Ֆրեդ Թրամփ-ավագի մահից հետո Դոնալդ Թրամփն իր եղբոր եւ քրոջ հետ ճնշման են ենթարկել զարմուհուն, որպեսզի նա համաձայնի պապից որպես ժառանգություն ընդունել 30 մլն դոլար։ Իրավաբանների գնահատականներով՝ նրա ժառանգության գումարը շատ ավելի մեծ պետք է լիներ՝ «մի քանի տասնյալ միլիոն դոլարներ»։
Դատական հայցի համաձայն, ամերիկյան առաջնորդի եղբայր Ռոբերտ Թրամփը, որը մահացել է 2020-ի օգոստոսին, սպառնացել է սնանկացնել այն ընկերությունը, որում նրանց զարմուհին զգալի մասնաբաժին է ունեցել։ Այս կապակցությամբ Մերի Թրամփը, իր եղբոր հետ միասին, դատարանում փորձել է ապացուցել իրենց հարազատների գործողությունների անօրինականությունը, բայց նրանք ենթարկվել են էլ ավելի ուժեղ ճնշման եւ, ի վերջո, ստիպված են եղել ընդունել նրանց պայմանները:
Թրամփի զարմուհին ամերիկյան առաջնորդին, նրա քրոջը եւ հանգուցյալ եղբորը մեղադրում է խարդախության եւ դավադրության մեջ: Նա պահանջում է 500 հազար ԱՄՆ դոլարի չափով իր վնասի փոխհատուցում, տուգանքների վճարում, որի չափը պետք է որոշի դատարանը, ինչպես նաեւ բոլոր հարակից ծախսերը:
Մերի Թրամփը հուլիսին հրատարակել է «Չափից շատ եւ միշտ քիչ. Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գիրքը: Դրանում ամերիկյան առաջնորդի զարմուհին, ով ունի կլինիկական հոգեբանության դոկտորի կոչում, պնդում է, որ 74-ամյա Դոնալդ Թրամփը, իր ընտանիքի բացասական ազդեցության պատճառով, զրկված է այլ մարդկանց կարեկցելու կարողությունից եւ տառապում է բազմաթիվ բարդույթներով: Գրքի հիմքում նա դրել է Դոնալդ Թրամփի ավագ քրոջ հետ զրույցը։ Նախագահն իր զարմուհու ստեղծագործությունը սուտ եւ սարսափելի է անվանել։




























